Գազալցակայաններում ու բենզալցակայններում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այս օրերին էլ ստուգումներ իրականացնում է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:
«Մեր կողմից բացված բոլոր ստուգումները ավարտին ենք հասցնում, նորերը չենք վերաբացում, այդ գործընթացը որոշ չափով սառեցված է, եթե իհարկե բողոքներ չենք ունենում, լինելու դեպքում, բնականաբար, ստուգումներ իրականացնում ենք: Բայց ընդհանուր առմամբ այն աշխատակիցները, որոնք կարող են իրենց աշխատանքը տնից կատարել՝ տանն են, աշխատավայր չեն գալիս: Այն տեսուչները որոնք դուրս են գալիս ստուգումների ձեռնոցներ և այլն տրամադրվում են»,-ասաց Արմեն Կոտոլյանը:
Պարետի կողմից տնտեսական գործունեություն ծավալողների գործունեության սահմանափակումները չեն տարածվում գազալցակայանների և բենզալցակայանների վրա: «Այս ոլորտում մենք մեր ստուգումներն իրականացնում են, որ հանկարծ այնպես չստացվի՝ լինեն տնտեսվարողներ, որ առիթից օգտվեն ու չարաշահումներ անեն»,-նշեց տեսչական մարմնի ղեկավարը:
Ալիսա Չիլինգարյան