Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական երկխոսության ցանցի կառավաման խորհուրդը տեղեկացնում է, որ ինչպես հայտնի է, 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքվեց համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Համաձայնագրի 366-րդ հոդվածի ուժով ստեղծվելու է քաղաքացիական հասարակության հարթակ, որը կծառայի որպես հանդիպումների և կարծիքների փոխանակման հարթակ և կազմված կլինի Եվրոպական միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ցանցերի և հարթակների ներկայացուցիչներից:
Կառույցն այս գործընթացում կարևորում է հատկապես այն սկզբունքների անշեղորեն պահպանումը, որով կձևավորվի քաղաքացիական հասարակության հարթակը, դրանք են՝ թափանցիկությունը, ներառականությունը և ռոտացիայի սկզբունքները: Անշուշտ, վերը թվարկված սկզբունքների նախատեսումը ինքնանպատակ չէ. դրանք ենթադրում են հարթակի ձևավորման գործընթացում ուժերի համախմբում և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հիմնական դերակատարների մասնակցություն՝ համագործակցության և համերաշխության պայմաններում։
Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական երկխոսության ցանցը հայտարարում է, որ որոշել է ակտիվորեն մասնակցել և ընդգրկվել ՀԸԳՀ շրջանակներում ձևավորվող քաղաքացիական հասարակության հարթակում, աջակցելու Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմին՝ ստանձնելով հանձնառություն` ցուցաբերել փորձագիտական աջակցություն ՀԸԳՀ առանձին ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման/բարելավման, դրանց հասարակական վերահսկողության իրականացման և գնահատման նպատակով։
Հայաստանի ՔՀԿ–ների Կառուցողական Երկխոսության Ցանց կառավարման խորհուրդ
- «ՀամաԶարԿ» («Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման միավորում») կոալիցիա
- «Հայաստանի գյուղատնտեսական դաշինք»
- ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման կոալիցիա
- «Հայկական կրթական ցանց»
- «Հայկական բիզնես կոալիցիա»
- «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանց
- «Հանուն հավասար իրավունքների» կոալիցիա
- «Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանց » կոալիցիա
- Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիա
- Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
- Աշխատողների իրավունքների պաշտպանության հասարակական կոալիցիա
- Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման ու զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիա
- ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կոալիցիա
- Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանց
- Իրավաբանների հայկական ասոցիացիա` Ցանցի քարտուղարությունը իրականացնող կազմակերպություն
Հավելենք, որ հայտարությունը ընդունվել է Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական Երկխոսության Ցանց կառավարման խորհրդի հեռավար եղանակով գումարած նիստում` 2020 թվականի մարտի 19-20-ին:
Ծանոթություն։ Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական Երկխոսության Ցանցը ստեղծվել է 2019 թվականի փետրվարին Եվրոպական միության կողմից ֆինանսավորված ամենամեծ ծրագրերից մեկի՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում (https://ccd.armla.am/)։ Ցանցը ներկայումս միավորում է 14 ոլորտային կոալիցիաների՝ շուրջ 250 ՔՀԿ-ների անդամությամբ: Նշված Կոալիցիաները բազմապրոֆիլ են և ներկայացնում տարբեր ոլորտներ, ինչպես օրինակ՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, էներգետիկա, գյուղատնտեսության, հանրային ֆինանսների կառավարում, տնտեսություն, բիզնես և այլն։