Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է միայն առևտրի կենտրոններին (մոլլերին): Այս մասին հայտնում է պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը: Տոնավաճառները, Վերնիսաժը և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում՝ կարող են աշխատել»,-նշել է նա։
Նշենք, որ առևտրի կենտրոն է համարվում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքները։
Ավելի վաղ հայտնել ենք, որ կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.
1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության
2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն
3. Կինոֆիլմերի ցուցադրում
4. Խաղատներ
5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:
Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար։