Տիգրան Ավինյանի որոշումը՝ ՀՀ մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի դեպքերի մասին

Մարտի 20-ին պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել ՀՀ մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերի սահմանման վերաբերյալ:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝

1. Սահմանել, որ առանձնահատուկ դեպքերում ՀՀ տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող է արվել առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ համապատասխան հիմնավորումներ ներկայացվելու պարագայում ․

2. Սույն որոշման 1-ին կետի պայմաններին բավարարող անձանց մուտքը ՀՀ տարածք թույլատրվում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի որոշմամբ՝ Պարետի հետ համաձայնեցնելու և Պարետի 2020թ. մարտի 18-ի N5 որոշման 1-ին կետում նշված զննություն անցնելու ու վարակի ախտանիշներ չհայտնաբերվելու դեպքում․

3. Սույն որոշմամբ սահմանված հիմքերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձը (անձինք) ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրազեկվում են Հայաստանում գործող արտակարգ դրության և համապատասխան սահմանափակումների վերաբերյալ, իսկ տվյալ անձանց՝ ՀՀ-ում գտնվելու ընթացքում բնակության, հրավիրող կողմի և այլ կոնտակտային տվյալները փոխանցվում են համապատասխան առողջապահական մարմիններ՝ բժշկական դիտարկում իրականացնելու նպատակով ․

4. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին՝ վերոնշյալ որոշմամբ սահմանված հիմքերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձանց տվյալները և մուտքի նպատակի մասին
տեղեկատվությունը ներկայացնել Պարետի գրասենյակ․

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել