ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ապատեղեկատվություն չտարածել «Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության» արդյունքների վերաբերյալ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստանը փետրվարի 21-ին  ներկայացրել է 2019թ. ՀՀ տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության  արդյունքները։ Հետազոտությունը իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան թեև առանձնակի  կարևորում է Հայաստանում կոռուպցիայի և դրա դրսևորումների նկատմամբ հանրային ընկալումներն ու կարծիքը վեր հանող օբյեկտիվ ուսումնասիրությունների անցկացումը, դրանց արդյունքների հրապարակայնացումը, այնուհանդերձ Կոալիցիան որոշակի վերապահումների ունի հետազոտության զեկույցում ներառված և դրա շնորհանդեսին ներկայացված որոշ գծապատկերների և աղյուսակների տվյալների վերաբերյալ, որոնք մոլորեցնող են և հետագայում առիթ են տվել չհիմնավորված շահարկումների, դրանց հիման վրա կատարված որոշ ոչ օբյեկտիվ ու ոչ իրավաչափ եզրակացությունների, ինչպես նաև  ապատեղեկատվության տարածման:

Վերոգրյալը հաշվի առնելով, Կոալիցիայի կառավարման խորհուրդը մարտի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, հանդիսանալով որպես Հայաստանում հակակոռուպցիոն ոլորտի հիմնական դերակատարներից մեկը և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների ակտիվ մասնակից, առանձնակի կարևորում է Հայաստանում կոռուպցիայի և դրա դրսևորումների նկատմամբ հանրային ընկալումներն ու կարծիքը վեր հանող օբյեկտիվ ուսումնասիրությունների անցկացումը, դրանց արդյունքների հրապարակայնացումը, ինչպես նաև վերջիններիս նպատակային օգտագործումը պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կողմից՝ պետական կառավարման ոլորտը բարելավելու, հակակոռուպցիոն քաղաքականություններ և ծրագրեր մշակելու հարցում, և ստորև ներկայացնում ենք Կոալիցիայի դիրքորոշումը հետազոտության որոշ բաժինների վերաբերյալ:

Նախ հարկ ենք համարում նշել, որ հետազոտությունը հիմնականում իրականացվել է  մասնագիտական չափորոշիչների հենքով մշակված մեթոդաբանության հիման վրա: Այդուհանդերձ, հետազոտության զեկույցում ներառված և դրա շնորհանդեսին ներկայացված որոշ գծապատկերների և աղյուսակների տվյալները մոլորեցնող են, ավելին, դրանք հետագայում առիթ են տվել չհիմնավորված շահարկումների, դրանց հիման վրա կատարվել են որոշ ոչ օբյեկտիվ ու ոչ իրավաչափ եզրակացություններ,տարածվել է ապատեղեկատվություն: 

Վերը նշվածը հիմնավորող ցայտուն օրինակներից է վերջերս ՀՀ ազգային ժողովում անցկացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ, ինչպես նաև տարբեր հարթակներում մամլո ասուլիսների ժամանակ որոշ ՔՀԿ ների կողմից հնչեցված հայտարարություններն առ այն, որ հանրությունը, համաձայն  «Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալների» , լավ էլ ճանաչում է ՔՀԿ-ներին և կոնկրետ այն 5 ՔՀԿ-ներին (hետազոտության զեկույց, Գծապատկեր 45,  էջ 62), որոնք ճանաչված են հանրության մոտ և աշխատում են թափանցիկ: Մինչդեռ նույն հետազոտության տվյալների համաձայն կարելի է փաստել հակառակը. հարցված 1500  ռեսպոնդենտների 94,3%-ը, այսինքն 1415 հոգին տեղակ չէ կոռուպցիայի դեմ պայքարի առաքելություն ունեցող Հայաստանում գործող որևէ հասարակական կազմակերպության մասին: Այստեղից հետևում, որ կոռուպցիայի դեմ պայքարի առաքելություն ունեցող ՀԿ-ներին ճանաչում են սոսկ հարցվածների 5,7%-ը, որի վրա էլ այսպես կոչված «շահեկան» կարգավիճակում հայտնված ՔՀԿ-ները կառուցում են իրենց ելույթները տարբեր հանրային միջոցառումների ժամանակ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների մասին հանրության տեղեկացվածությանը՝ գծապատկեր 45 և վերջինիս հաջորդող պարբերություններին և աղյուսակներին: 

Այսպես.

  • առաջին հերթին հարկ էր նկատի ունենալ, որ քանակական հետազոտության արդյունքում ցանկացած տվյալ, որ փոքր թիվ է կազմում, չի ներկայացվում տոկոսային կշռով, այլ ներկայացվում է պատասխանների քանակով/հաճախականությամբ: Առավել ևս, այն չի ներկայացվում գրաֆիկական պատկերով, որին էլ հաջորդում է մանրակրկիտ վերլուծությունը ռեսպոնդենտների կրթամակարդակից կախված այս կամ այն կառույցի ճանաչելիությունը: Հարկ կա արդյո՞ք մանրամասն վերլուծության, եթե խոսքը վերաբերում է միջինում 5 հոգու:
  • Երկրորդ, եթե միմյանց հետ դիտարկում ենք այդպիսի առաքելություն ունեցող կառույցների ճանաչելիությունը և հաջորդիվ ներկայացված 46 գծապատկերի պատասխանները՝ վերջիններիս գործունեության արդյունավետության գնահատման վերաբերյալ, որը ցույց է տալիս, որ  ՔՀԿ-ներին «ճանաչող»  5,7%- ից  40% -ը  տեղյակ չէ և չի գնահատել արդյունավետությունը, ապա հստակ է դառնում, որ ընդհամենը 51 հոգին է տեղյակ ՔՀԿ-ների գործունեությունից:

Այսպիսով օբյեկտիվ հարց է առաջանում, թե քանակական հետազոտությամբ ցույց է տրվել միտումնե՞րը, թե՞ յուրահատկությունները: 

Հաջորդ խնդիրը, որին կցանկանայինք անդրադառնալ, այն է, որ որոշ ՔՀԿ-ների անուններ ներառված են հարցաթերթիկում, չնայած հստակ հրահանգավորմամբ, որ դրանց անունները չընթերցվեն և ընդունվեն բոլոր հնարավոր պատասխանները (հասկանալի է, որ այդ քայլը արվել է կոդավորման դյուրինության համար): Ցանկություն չունենալով կասկածի ենթարկել հետազոտության անցկացման ճշգրտությունը, այնուամենայնիվ, հստակ է, որ քանակական հետազոտության դեպքում բոլոր փուլերում է կարևոր պահպանել քայլի և հրահանգի ճշգրտությունը՝ վերջնական հավաստի արդյունք ապահովելու համար: Այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք ցուցակը ուղեցույց չի հանդիսացել հարցազրուցավարների համար փաստագրելու կառույցներին և արդյո՞ք այն կառույցները, որոնց անունները տեղ չեն գտել ցուցակում, ի սկզբանե հնարավորություն չեն ունեցել չզբաղեցնելու իրենց հնարավոր տեղը: 

Միևնույն ժամանակ, վստահ լինելով, որ վերը ներկայացված մեթոդաբանական խնդիրը դիտավորություն չէ, այնուամենայնիվ ուզում ենք փաստել, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անունը սխալ է ներկայացված թե՛ հարցաթերթիկում, և թե՛ վերլուծությունում, ինչը թերևս կարող էր ունենալ ազդեցություն կառույցի նույնականացման վրա:

Վերոգրյալից բացի՝ հարկ ենք համարում անդրադառնալ հարցաթերթի 56-րդ հարցին և հետազոտության զեկույցի 6-րդ բաժնում տեղ գտած Կառավարության հակակոռուպցիոն գործողությունների վերաբերյալ իրազեկվածությանը։ Այս պարագայում պարզ չէ, թե ինչ չափանիշներ են հաշվի առնվել կոռուպցիոն դեպքերի մասին անանուն ազդարարման էլեկտրոնային հարթակների որոշ անուններ հարցաթերթում ներառելիս, քանի որ, օրինակ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործարկվող Bizprotect.am (հայերեն անվանումը՝ «ԲիզՊաշտպան»)  կայքը նույնպես անանուն ազդարարման արդյունավետ հարթակ է։ ԲիզՊաշտպանի միջոցով կոռուպցիոն ռիսկերի և դեպքերի մասին ահազանգում են  քաղաքացիները և բիզնես ոլորտի ներկայացուցիչները, որոնց տրամադրվում է իրավաբանական անվճար խորհրդատվություն հարկային, մաքսային, գնումների ոլորտի, աշխատանքային և իրավական այլ հարցերի վերաբերյալ։ Ազդարարման հարթակի ստեղծումից՝ 2017թ. hուլիսից մինչ 2019թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի ամփոփված տվյալների համաձայն թվով 94 ազդարարման շրջանակներում թվով 86 գրություն է ուղարկվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կապ է պահպանվել ազդարարողների և պետական կառույցների հետ, ձեռնարկվել  են անհրաժեշտ այլ միջոցներ։ Վերոնշյալ ընթացք տրված ազդարարումներից համակարգային լուծում է տրվել 15-ի դեպքում, ազդարարումը բավարարվել է 13-ի դեպքում, տրամադրվել է պաշտոնական պարզաբանում կամ խորհրդատվություն 22-ի դեպքում։ Հավելենք, որ մի շարք ազդարարումներ դեռևս գտնվում են քննության ընթացքում։ Ավելին, բարձր գնահատելով նշյալ հարթակի արդյունավետությունը՝ վերջինս ներառվել է ԵՄ «Քաղաքացիական տեխնոլոգիան ժողովրդավարության համար» ձեռնարկում։

Ելնելով վերոգրյալից՝ Կոալիցիան կոչ է անում քաղաքացիական հասարակության դաշտում գործունեություն իրականացնող կառույցներին հետայսու նշված հետազոտության զեկույցի արդյունքները հանրայնացնելիս ձեռնպահ մնալ հետազոտության ոչ օբյեկտիվ և, թերևս, վիճելի արդյունքների հատվածական ներկայացումից՝ ապատեղեկատվություն տարածելու,  հանրությանը մոլորեցնելու և մանիպուլյատիվ այլ եղանակներով իրենց համար շահեկան իրավիճակ ստեղծելու նպատակով, փոխարենը՝ կառուցողական ու գործընկերային հարաբերություններ պահպանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համայնքի հետ։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

  • «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ
  • Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն 
  • «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ
  • «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ
  • «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
  • «Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ
  • «Հայաստանի համայնքների միություն»  ՀԿ
  • «Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ»
  • «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Քարտուղարության համակարգող»:

Հավելենք, որ հայտարարությունը ընդունվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հեռավար եղանակով գումարված նիստին` 2020 թ.-ի մարտի 19-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել