Ոստիկանության աշխատակիցը գո՞ւյք է հափշտակել

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Կարեն Բ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ` ՀՀ ոստիկանության աշխատակից, վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է խոշոր չափերի հասնող ուրիշի գույքը:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ամբաստանյալ Կարեն Բ.-ն մինչև դատաքննությունն սկսվելը, միջնորդեց կիրառել արագացված դատական քննության կարգ և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացնում է կամավոր` իր պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում և գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները:Դատարանի որոշմամբ ամբաստանյալի միջնորդությունը բավարարվել է և դատական քննությունն անցկացվել է արագացված կարգով:

Դատարանը, հաշվի առնելով առաջադրված մեղադրանքի հետ ամբաստանյալի համաձայն լինելու հանգամանքը և հանգելով եզրակացության, որ մեղադրանքը, որը վերջինս ընդունել է, հիմնավորված է ու հաստատվում է քրեական գործով հավաքված ապացույցներով, գտավ, որ ամբաստանյալ Կարեն Բ.-ն կատարել է հանցանք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դատարանը վճռեց Կարեն Բ.-ին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով, վերջինս պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել