Սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի, վտանգը, շարունակում է մնալ օրակարգային, ուստի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հետամուտ է իրացման ցանցերում ամենօրյա ախտահանումներ անելու իր հանձնարարականի կատարմանը:
ՍԱՏՄ տեսուչների այցելությունները հանրապետության բոլոր մարզերի քաղաքների և գյուղերի խոշոր իրացման կետեր վկայում են, որ վարակների տարածման կանխարգելիչ միջոցառումներին տնտեսվարողները մոտենում են պատասխանատվությամբ:
Ախտահանվում են հատկապես սպառողների անմիջականորեն հպման շրջանակներում գտնվող մակերեսները՝ խուսափելով բաց մթերքի հետ շփման հնարավորությունից:
Տեսչական մարմինը իրացման ու հանրային սննդի բոլոր կետերին հորդորում է իրենց տարածքներում պարբերաբար անցկացնել կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ՝ այդպիսով պայքարելով հնարավոր վարակների տարածման դեմ:






