Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է` Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով:
Հանրաքվե անցկացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք:
Մասնակցությունը հանրաքվեին ազատ է: Քաղաքացիների կամքի արտահայտման վրա հսկողությունն արգելվում է:
Հանրաքվեին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության` 18 տարին լրացած քաղաքացիները:
Հանրաքվեին չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:
Հանրաքվեի կարող են դրվել Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու հարցերը:
Հանրաքվեի չեն կարող դրվել`
ա) Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածների փոփոխության վերաբերյալ հարցերը (Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Հոդված 114. Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:).
բ) Հանրապետության գործող Նախագահի և գործող Ազգային ժողովի, ինչպես նաև գործող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետի երկարաձգման կամ կրճատման հարցերը.
գ) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող, ինչպես նաև Սահմանադրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը:
Հանրաքվե չի կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող տարածքում արտակարգ և ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությունը վերացվելուց հետո` երկամսյա ժամկետում:
Հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից սկսած` մեկ տարվա ընթացքում, միևնույն հարցի կամ միևնույն բովանդակությունն ունեցող հարցի վերաբերյալ չի կարելի անցկացնել կրկնակի հանրաքվե:
Աղբյուրը` Իրավաբան.net