Վարչական դատարանը քննել է վարչական գործն ըստ հայցի՝ Ա.Հովհաննիսյանի՝ ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության՝ 2012թ. փետրվարի 22-ի թիվ 176679 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և «Հաշառո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցի՝ ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության՝ 2011թ. դեկտեմբերի 22-ի թիվ 2107766 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ինչպես նաև Սևանի տարածքային հարկայի տեսչության հայցն ընդդեմ «Հաշառո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 300.000 դրամ տուգանքի գումար հօգուտ պետական բյուջե բռնագանձելու պահանջի մասին:
Ա.Հովհանիսյանը հանդիսանում է «Հաշառո» ՍՊԸ-ի տնօրենը:
Ա.Հովհաննիսյանը դիմելով դատարան հայտնել է, որ Տեսչությունը 2012թ. փետրվարի 14-ին կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ 34 արձանագրությունը, որի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Տեսչության պետի 2011թ. դեկտեմբերի 2-ի հանձնարարագրով «Հաշառո» ՍՊԸ-ին պատկանող խանութում իրականացվել է ՀԴՄ-ի ներդրման և դրանց շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգում։ Ստուգման արդյունքնում կազմվել է 2011թ. դեկտեմբերի 22-ի թիվ 2107766 ստուգման ակտը, որում արձանագրվել է, որ ՍՊԸ-ի կողմից հաշվառումը վարվել է խախտումով՝ վաճառքից հետո գնորդին չի տրամադրվել ՀԴՄ-ի կտրոն։ Իրավախախտման արձանագրությանը հաջորդել է տուգանք սահմանելու մասին որոշումը, որով ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 169.1-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով ինքը ենթարկվել է 15.000 դրամի վարչական տուգանքի։
2011թ. դեկտեմբերի 22-ի թիվ 2107766 ստուգման ակտով արձանագրվել է, որ ՍՊԸ-ի կողմից հաշվառումը վարվել է խախտումով՝ վաճառքից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն (ըստ էության թաքցվել է հարկվող օբյեկտը), որի համար պատասխանատվություն է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.1-րդ հոդվածի առաջին մասով։ Ստուգման ակտը Ընկերության տնօրեն Ա.Հովհաննիսյանը չի ստացել՝ նշված հասցեում նրա բացակայելու պատճառով։ Իսկ փոստային ծառայության կողմից ներկայացված և «Մերժված» նշումով հետ վերադարձված առաքանին օրենքը չի դիտում որպես դրա հասցեատիրոջը հանձնում, հետևաբար և դրանում պարունակվող վարչական ակտի մասի վերջինիս հասցեատիրոջը իրազեկելու օրենքի պահանջի կատարում։
Սույն գործով ՀՀ վարչական դատարանը վճռեց՝
1. «Հաշառո» ՍՊԸ-ի հայցը՝ ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2011թ. դեկտեմբերի 22-ի թիվ 2107766 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել և անվավեր ճանաչել այդ ակտը։
2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության հայցը՝ ընդդեմ «Հաշառո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 300.000 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, մերժել։
3. Ա.Հովհաննիսյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության՝ 2012թ. փետրվարի 22-ի թիվ 176679 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել և անվավեր ճանաչել այդ որոշումը։
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սևանի ՏՀՏ -ն սույն գործով բերել է վերաքննիչ բողոք:
Աղբյուրը` Իրավաբան.net