ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կորցրած աշխատավարձը (եկամուտը) սահմանելիս տուժողին` հաշմության կամ առողջության այլ վնասի հետ կապված, նշանակված հաշմանդամության կենսաթոշակը, ինչպես նաև այլ կենսաթոշակներն ու նպաստները և այլ նմանօրինակ վճարները, որոնք նշանակվել են առողջության քայքայումից առաջ կամ հետո, հաշվի չեն առնվում ու չեն հանգեցնում վնասի հատուցման չափի նվազեցման (հաշվի չեն առնվում ի հաշիվ վնասի հատուցման): Վնասը հատուցելիս հաշվի չի առնվում նաև տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը (եկամուտը):
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը նպատակ է ունեցել առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած, այսինքն` չստացած աշխատավարձը կամ եկամուտը, որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը հատուցելու եղանակով հնարավորինս վերականգնել տուժողի մոտ նախկինում` մինչ առողջությանը հասցված վնասը եղած վիճակը: Այսինքն` օրենքը նախատեսում է քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման հետևյալ տեսակները`
1. տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցում, որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ,
2. առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերի հատուցում,
3. այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերի հատուցում:
Աղբյուրը` Իրավաբան.net