«Քաղաքացի-հարկատու-Բիզնես իրավապաշտպան կազմակերպությունն» ահազանգում է, որ վերջին մի քանի օրերին, բացարձակապես չի աշխատում ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգը:
Կազմակերպությունն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է.
«Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել հարկատուներից, որոնք հայտնում են դրանից օգտվելու անհնարինության մասին:
Ներկայումս աշխատանքային ժամերին անհնար է ներկայացնել եկամտային հարկի եւ անձնավորված հաշվառմանը վերաբերվող հաշվարկ հաշվետվությունները համակարգի անսարքության պատճառով:
Մեր կողմից ստուգվել են այդ ահազանգերից մի մասը` պարզվում է, որ դրանք համապատասխանում են իրականությանը` համակարգը փաստացի չի աշխատում:
Առկա են մասնավորապես հետեւյալ խնդիրները`
• Հնարավոր չէ մուտք գործել համակարգ,
• Մուտք գործելու դեպքում անհնար է կատարել հաջոր քայլերը, որոնք անհրաժեշտ են հաշվետվությունները ներկայացնելու համար,
• Առկա են նաեւ այլ թերություններ կապված համակարգում առկա` կազմակերպությունների տվյալների սխալների հետ: Մասնավորապես հարկային կոդի մուտքագրման դեպքում փաստաթղթերում արտացոլվում են սխալ անվանումներ, հասցեներ եւ այլն:
• Հարկատուների կողմից ՊԵԿ եւ էլեկտրոնային ստորագրությունների համակարգը սպասարկող ԷԿԵՆԳ ընկերությանն ուղված զանգերը կամ չեն պատասխանվում, կամ օպերատորի կողմից պատասխանում են, որ համակարգում աշխատանքներ են գնում եւ դրանով է պայմանավորված համակարգի խափանումը:
Այս ամբողջը լուրջ մտահոգություններ է առաջացնում հարկատուների շրջանում, որոնք պարզապես կարող են ենթարկվել վարչական տուգանքի հաշվետվությունների ժամանակին չհանձնման պատճառով, որում իրենք բացարձակ մեղավորություն չունեն:
Հաշվի առնելով, որ ՊԵԿ կամ պատկան որեւէ այլ մարմնի կողմից մինչ օրս չի հնչել որեւէ պաշտոնական դիրքորոշում առաջացած խնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ, ակնհայտ անհարմարություններ եւ ռիսկեր են ստեղծվել բազմաթիվ հարկատուների համար, որոնք կարող են նախ տուգանվել եւ երկրորդ` իրենց հիմնական գործառույթներով զբաղվելու փոխարեն ստիպված են հերթապահել համակարգիչների մոտ նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին, կորում է էլեկտրոնային կառավարման համակարգի նկատմամբ վստահությունը եւ համակարգի այսպիսի աշխատանքի դեպքում հարցեր են առաջանում նաեւ համակարգի, դրանում արտացոլվող տվյալների անվտանգության, ապահովության եւ ստույգության վերաբերյալ:
Կոչ ենք անում ՀՀ Կառավրությանը, ՀՀ Կառավարության համապատասխան գերատեսչություններին եւ ՊԵԿ ին.
• Հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որում կնշվեն համակարգի խափանումների փաստը եւ դրանց համար պատասխանատու սուբյեկտները,
• Մինչ նշված խնդիրների լուծումը պաշտոնապես հայտարարել հաշվետվությունների ներկայացման ժամկետների երկարացման մասին, կամ դրանք թղթային եղանակով ընդունելու պատրաստակամության մասին,
• Խնդիրների տեւական լինելու դեպքում, ինչպես նաեւ էլեկտրոնային կառավարման նոր համակարգերի ներդրման դեպքում այսուհետեւ շահագործել դրանք բացառապես երկարատեւ փորձարկումներց հետո, իսկ մինչ այդ պետական մարմինների հետ հարաբերվելու այլընտրանքային (օրինակ թղթային) եղանակներ ստեղծել հարկատուների համար:
• Պարտադրել համակարգը ներդնող, շահագործող եւ սպասարկող ընկերության անձնակազմին պատասխանել հարկատուների զնագերին (ներկայումս անհնար է նրանց հետ կապնվելը), իսկ էլ. հաշվետվությունների համակարգին միանալու վերաբերյալ պայմանագրերի կնքման, նույնականացման քարտերի գրանցման եւ նմանատիպ այլ գործառույթների իրականացման ժամկետը կրճատել (ներկայումս դա տեւում է մեկ շաբաթից ավելի, երբեմն նույնիսկ շաբաթներ):
Կոչ ենք անում վերը գրված խնդիրներին առնչվող հարկատուներին.
• Հաշվետվությունների հանձնման գործընթացում տեղի ունեցող խափանումները փաստաթղթավորել համապատասխան սարքավորումների միջոցով (համակարգչային կամ տեսա ձայնագրում) կամ խափանման պահը արձանագրել` կատարելով նշված գործողությունները այլ անձանց ներկայությամբ (վկայությամբ);
• Հերթական անգամ փորձել ներկայացնել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով, որի չստացվելու դեպքում դրանք համապատասխան գրությամբ սահմանված ժամկետների պահպանմամբ ներկայացնել իրենց սպասարկող հարկային տեսչություններ թղթային եղանակով;
• Խափանումների վերաբերյալ վերը նշված արձանագրությունները, պատահած նոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ կարծիքները ուղարկել մեր կազմակերպության էլեկտրոնային փոստի հետեւյալ հասցեով` [email protected]:
Պատրաստակամություն ենք հայտնում մեզ հասանելի միջոցներով պաշտպանելու այն հարկատուների շահերը, որոնց նկատմամբ կկիրառվեն անհիմն տուգանքներ (նշված խնդիրների արդյունքում) հաշվետվությունների` ժամանակին չներկայացման հիմքով:
Աղբյուրը` Իրավաբան.net