ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
Նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Նույն օրենսգքրի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
Քաղաքացիական օրենսգրքի օրենսգքրի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են օրենսգրքով և այլ օրենքներով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելով:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։ Միաժամանակ, օրենսդրի կողմից ամրագրվել են նաև այն դեպքերը, որոնց առկայության պայմաններում հայցային վաղեմության ժամկետն ընդհատվում է: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք կարող է հանդիսանալ սահմանված կարգով հայցի հարուցումը, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելը:
Աղբյուրը` Իրավաբան.net