Քննիչի որոշմամբ կարճվել է Վաչագան Ղազարյանի և Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործով վարույթը. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և նշանակված համալիր հարկային ստուգումներով հաստատվել է, որ նշված անձինք կազմակերպել են իրենց հետ առնչություն ունեցող 7 ՍՊԸ-ների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունների չվճարումը և այդ գործընթացում ներգրավվել տարբեր անձանց: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանի կողմից քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ Ռ. Բեգլարյանի կողմից` 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցավոր արարքների կատարումը, ինչպես նաև 6 այլ անձանց կողմից նշված հոդվածներով հանցավոր արարքների կատարման հանգամանքը: Նախաքննության ընթացքում Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2 միլիարդ 837 մլն դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը»,-նշել է նա:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, ինչն օրենքի իմպերատիվ պահանջ է, ուստի, օրենքով սահմանված կարգով քննիչի կողմից որոշում է կայացվել Վ. Ղազարյանին, Ռ. Բեգլարյանին և մյուսներին քրեական պատասխանատվությունից ազատելու և նրանց վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել