Էդգար Մուրադյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` պատասխանողի 11.06.2012 թվականի թիվ ԱԳ 946936 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Էդգար Մուրադյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասով (սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը), իսկ որպես խախտում նշված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարում էր ոչ սթափ վիճակում և չուներ վարորդական իրավունք։ Էդգար Մուրադյանը սթափության վիճակը ստուգելու նպատակով անցել է համապատասխան զննություն, որի վերաբերյալ կազմվել է սթափության վիճակի զննության արձանագրություն։
Դատաքննությամբ հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 25.05.2012 թվականին` ժամը 23։55-ին, Էդգար Մուրադյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի` արձանագրվել է, որ. «Վարորդը երթևեկելիս չէր օգտվել ամրագոտուց, ստուգումից պարզվեց, որ վարորդը վարում էր ոչ սթափ վիճակում և իր մոտ չուներ վարորդական իրավունքի վկայական», որը նախատեսված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 7-րդ մասով, այլ ոչ թե 4-րդ մասով:
Դատաքննությամբ հաստատվել է նաև, որ իրավախախտման արձանագրման պահին ճանապարհային ոստիկանություն ծառայության աշխատակցի կողմից չի կիրառվել իրավախախտման հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցը` տեսախցիկը, որպիսի տեխնիկական սարքի միջոցի կիրառման ժամանակ վարչական մարմինը հնարավորություն կունենար հաստատել վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը։
Անդրադառնալով Էդգար Մուրադյանի կողմից սահմանված կարգին համապատասխան սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու փաստին` դատարանն արձանագրում է, որ գործի քննությամբ, մասնավորապես գործում առկա «Արմենիա» բժշկական կենտրոնի` սթափության վիճակը ստուգելու արդյունքում կազմված թիվ 859 արձանագրությամբ հաստատվում է Էդգար Մուրադյանի կողմից սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելու փաստը, որպիսի պարագայում վերջինս չէր կարող վարչական պատասխանատվության ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասով։
Ուստի դատարանը գտավ, որ Էդգար Մուրադյանի հայցը ենթակա է բավարարման։ Դատարանը վճռել է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 11.06.2012 թվականի ԱԳ թիվ 946936 որոշումը։
Սույն գործը ներկայումս գտնվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում:
Աղբյուրը` Իրավաբան.net