«Հանրաքվեի մասին» օրենքը սահմանում է, որ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմելու և վարելու, քաղաքացիներին ցուցակներում ընդգրկելու կարգը, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:
«ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին չմիացած անձինք կարող են իրականացնել հանրաքվեի դրված հարցին «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկելու, ինչպես նաև քվեարկությունից ձեռնպահ մնալուն ուղղված քարոզչություն:
Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.
2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.
3) դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին.
4) ընտրական հանձնաժողովների անդամներին.
5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.
6) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց.
7) Մարդու իրավունքների պաշտպանին.
8) Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին.
9) Հաշվեքննիչ պալատի անդամներին.
10) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին.
11) ինքնավար մարմինների անդամներին։
Արգելվում է`
1) քարոզչության կողմերին` քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, արժեթղթեր, ապրանքներ (այդ թվում՝ սննդամթերք) կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ,
2) քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով,
3) քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը:
16. Դրույթների կատարումն ապահովում է ոստիկանությունը:
Քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ: Քարոզչության ֆինանսավորման վրա տարածվում են նախընտրական հիմնադրամներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչությանը մասնակցող այլ անձինք առանձին հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:
Հիմնադրամի միջոցները հավաքվում են Կենտրոնական բանկում հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա Կենտրոնական բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշվեհամարներին: Այդ հաշվեհամարներին եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:
Հիմնադրամը ձևավորվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:
Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները,
2) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները),
3) օտարերկրյա պետությունները, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք,
4) քաղաքացիություն չունեցող անձինք,
5) բարեգործական, կրոնական, միջազգային կազմակերպությունները,
6) բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները,
7) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները:
Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը: Կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 25 000-ապատիկը: Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն քվեարկության օրվանից համապատասխանաբար 20 օր և 10 օր առաջ, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո` երրորդ օրը:
Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է քարոզչության հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով կամավոր մուծում: Կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից կամ կուսակցությունների դաշինքներից յուրաքանչյուրը կարող է կատարել մուծում միայն մեկ հիմնադրամում: Արգելվում են քարոզչության ընթացքում հանրային ֆինանսների ու պետական մարմինների միջոցների ու հնարավորություններ օգտագործելը, ինչպես նաև հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը:
Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից: