Անձնագիրը ՀՀ քաղաքացու անձը և քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ է, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը սահմանված է Կառավարության 25 դեկտեմբերի 1998թ. թիվ 821 որոշմամբ:
Պետք է իմանալ, որ «Անձնագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ անձնագիրը ունենալու է տվյալների էլեկտրոնային պահոց, որը ներառելու է անձի կենսաչափական տվյալները` լուսանկար, ստորագրություն, աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմներ, (օրենքով նախատեսված դեպքերում` աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմներ):
Անձնագրում կարող է նշում կատարվել նաև քաղաքացու արյան խմբի և ռեզուսի մասին` առողջապահության մարմինների կողմից քաղաքացու կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ:
«Բացի այդ, հետաքրքիր է իմանալ, որ քաղաքացու ցանկությամբ անձնագրում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից կարող է նշում կատարվել նաև քաղաքացու ամուսնության և ամուսնալուծության գրանցման մասին»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Նույն սկզբունքով պաշտպանության ոլորտի համապատասխան պետական մարմնի կողմից նշում է կատարվում պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու մասին (զինապարտների համար):
Անձնագիրը պետք է ներառի այն տրամադրած ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև անձնագրի տրամադրման և վավերականության ժամկետները, անձնագրի համարը:
Աղբյուրը` Իրավաբան.net