Ելնելով երեխայի շահերից` դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելու մասին (ծնողական իրավունքների սահմանափակում)` առանց ծնողական իրավունքներից զրկելու:
Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է,
- եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն)։
- երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար։ Եթե ծնողները կամ նրանցից մեկը չփոխեն իրենց վարքագիծը, խնամակալության և հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել ծնողական իրավունքներից զրկելու մասին։
Խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի շահերից:
Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող են ներկայացնել երեխայի մերձավոր ազգականները, այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների պաշտպանման պարտականություններ, նախադպրոցական, հանրակրթական և այլ կազմակերպություններ։ Այդ գործերի քննությանը պարտադիր է խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցությունը։
Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:
Աղբյուրը` Իրավաբան.net