«Սասունցի Դավիթ Հոլդինգ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ «Բիլդ» ՍՊԸ-ի:
Հայցի առարկան` Երևանի քաղաքապետի կողմից 03.10.2007թ. կայացված` «Երևանի քաղաքապետի 25.04.2003թ.թիվ 890-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և «Բիլդ» ՍՊԸ-ին պատկանող կայարանամերձ հրապարակի կիսակառույց հյուրանոցի շենքի զբաղեցրած հողամասի հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին» թիվ 3960-Ա որոշման` որպես վարչական ակտի առոչինչ լինելը հաստատելուն պարտավորեցնելու պահանջն է։
Երևան քաղաքի Արցախի փողոցի թիվ 2 հասցեի կայարանամերձ հրապարակի կիսակառույց հյուրանոցային համալիրը Երքաղխորհրդի գործկոմի 23.09.1994թ. թիվ 41/10 որոշմամբ հատկացվել է «Սասունցի Դավիթ» ՍՊԸ-ին` շինարարությունը ընկերության միջոցներով ավարտելու և Երքաղխորհդի գործկոմի հետ փոխշահավետ պայմաններով տնօրինելու համար։ Երքաղխորհրդի գործկոմի շինարարության կազմակերպման վարչության պետի կողմից 03.10.1994թ. հաստատված հանձման-ընդունման ակտով Երևանի կայարանամերձ հրապարակի կիսակառույց հյուրանոցային համալիրը հանձնվել է «Սասունցի Դավիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Պետ. արբիտրաժի 09.11.1995թ. որոշմամբ Երքաղխորհրդի գործկոմի և «Սասունցի Դավիթ» ՍՊԸ-ի միջև Երքաղխորհրդի գործկոմի 23.09.1994թ. թիվ 41/10 որոշման հիման վրա 23.09.1994թ. կնքված պայմանագիրը ճանաչվել է անվավեր։
ՀՀ կառավարության 29.03.1996թ. թիվ 94 որոշմամբ «Հյուրանոց կայարանամերձ հրապարակում» անավարտ շինարարության օբյեկտը ներկայացվել է աճուրդային վաճառքի։ Հարություն Կույումջյանը 03.02.1998թ. հայտ է ներկայացրել աճուրդով սեփականաշնորհմանը մասնակցելու համար, և համաձայն 09.02.1998թ. օբյեկտի աճուրդով մասնավորեցման մասին թիվ ԱՇ08-5 արձանագրության` աճուրդին մասնակցել է միայն մեկ անձ` Լիբանանի Հանրապետության քաղաքացի Հարություն Կույումջյանը, որն էլ ճանաչվել է գնորդ։
Երևանի Արցախի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Հյուրանոց կայարանամերձ հրապարակում» անավարտ շինարարության օբյեկտի աճուրդով մասնավորեցման սակարկությունների մասին 09.02.1998թ. թիվ ԱՇ 08-5 արձանագրությունում, այնպես էլ իրականում որպես միակ մասնակից և գնորդ արձանագրվել է ֆիզիկական անձ Հարություն Կույումջյանը, որն էլ հանդիսացել է աճուրդի հաղթող, սակայն 06.03.1998թ. սեփականաշնորհման մասին թիվ 19-ԱՇ պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության կողմից այդպիսի լիազորություն չունեցող անձի` Արամ Ղուկասյանի և նշված աճուրդին ընդհանրապես չմասնակցած, աճուրդում հաղթող չճանաչված ու որպես գնորդ չհանդիսացած իրավաբանական անձ «Բիլդ-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ։
Երևանի քաղաքապետի կողմից 03.10.2007թ. կայացվել է թիվ 3960-Ա որոշումը` «Երևանի քաղաքապետի 25.04.2003թ.թիվ 890-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և «Բիլդ» ՍՊԸ-ին պատկանող կայարանամերձ հրապարակի կիսակառույց հյուրանոցի շենքի զբաղեցրած հողամասի հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին»։
Դատարանի գնահատմամբ Երևանի քաղաքապետի 03.10.2007թ. թիվ 3960-Ա որոշումը` որպես վարչական ակտ, չի պարունակում այնպիսի կամ այնքան կոպիտ սխալներ, որոնք ակնհայտ են, այդ ակտը գործել է և առաջացրել իրավական հետևանքներ, իսկ նշված ակտի իրավաչափության հարցի պարզաբանումը պահանջում է լրացուցիչ գնահատում։
Երևանի քաղաքապետի 03.10.2007թ. թիվ 3960-Ա որոշման առոչինչ լինելու հիմքերի բացակայության փաստը հաստատված է նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2011թ. որոշմամբ, որով մերժվել է նշված որոշումն անվավեր ճանաչելու մասին «Սասունցի Դավիթ Հոլդինգ» ՍՊԸ-ի հայցը։
Տվյալ դեպքում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ըստ էության քննելով Երևանի քաղաքապետի 03.10.2007թ. թիվ 3960-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին «Սասունցի Դավիթ Հոլդինգ» ՍՊԸ-ի հայցը, 22.06.2011թ. որոշմամբ մերժել է այն։ Ընդ որում, հայցը մերժվել է ոչ այն պատճառաբանությամբ, որ վարչական ակտն առոչինչ է։
Վերոգրյալը վկայում է այն մասին, որ Երևանի քաղաքապետի 03.10.2007թ. թիվ 3960-Ա որոշման առոչինչ լինելու հիմքերը ստուգվել և բացառվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին «Սասունցի Դավիթ Հոլդինգ» ՍՊԸ-ի հայցը քննելու ընթացքում, ուստի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2011թ. որոշմամբ, թեև անուղղակի, այդուհանդերձ հաստատվում է թիվ 3960-Ա վարչական ակտի առոչինչ չհանդիսանալու փաստը։
Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Երևանի քաղաքապետի 03.10.2007թ. թիվ 3960-Ա որոշման` որպես վարչական ակտի առոչինչ լինելը հաստատելու իրավական հիմքը բացակայում է, ուստիև Երևանի քաղաքապետին այդ մասին վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու հայցվորի պահանջն անհիմն է և ենթակա է մերժման։
Սույն գործի քննությունը շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net