Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն իրականացվեց Գեղարքունիքի մարզում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի և Ճամբարակի բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձանց։
Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Հատուկ միջոցառման ընթացքում արձանագրվել են նաև ապօրինի պահվող թմբուկավոր ատրճանակի և նռնակների կամավոր հանձնման դեպքեր։
Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։