Պետական մարմիններն իրավունք ունեն դատարան դիմել պետության գույքային շահերի պաշտպանության հայցով:
Հայց հարուցած պետական մարմինն օգտվում է հայցվորի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:
Որպես օրինակ, ներկայացնենք դատախազի կողմից պետության գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու կարգը:
Համաձայն Դատախազության մասին ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի`
1. Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝
1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:
2. Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե՝
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ
2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ
3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ
4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ
5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:
Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազը պարտավոր է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net