ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Վայք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Տիգրան Բաբայանի` հօգուտ ՀՀ պետական բյուջեի 1 000 000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, իսկ «Վայք Գազ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Բաբայանի հակընդդեմ հայց՝ ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` 05.04.2012 թվականի թիվ 014 որոշումը վերացնելու պահանջի մասին:
2012 թվականի մարտի 23-ի արձանագրությամբ պետական տեսուչը պարզել է, որ «Վայք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Տիգրան Բաբայանի կողմից բենզալցակայանը համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ: Բենզալցակայանը տնտեսավարողի կողմից փորձաքննության չի ներկայացվել և այն շահագործվել է` առանց օրենքով սահմանված կարգով և ժամկետում փորձաքննության ներկայացնելու: Նշված փաստի վերաբերյալ 23.03.2012 թվականին կազմվել է թիվ 023 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի հիման վրա հարուցված վարչական վարույթի նիստի կայացման տեղի, օրվա և ժամի մասին Տ.Բաբայանը պատշաճ կարգով ծանուցվել է:
Գլխավոր պետական տեսուչը 2012 թվականի ապրիլի 05-ի թիվ 014 վարչական ակտով պատասխանողին ենթարկել է վարչական տույժի` սահմանելով տուգանք նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով` 1 000 000 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայց` ՎԻՎ օր-քի 279-րդ հոդվածի համադրումն ընկերության գործունեության հետ ցույց է տալիս, որ վարչական իրավախախտում իրենց ընկերության կողմից թույլ չի տրվել և այստեղ բացակայում է զանցակազմի պարտադիր տարր հանդիսացող սուբյեկտը, որպիսի պարագայում անհնար է դառնում կիրառել վարչական պատասխանատվություն` սուբյեկտ չլինելու հիմքով:
Այն, որ «Վայք Գազ» ՍՊ ընկերությունը չի հանդիսանում իրավախախտ` զանցակազմի սուբյեկտ, հաստատվում է նրանով, որ ընկերությունը 29.02.2012 թվականին հայտարարություն է ներկայացրել փորձաքննություն պահանջող հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի գործունեության դադարեցման վերաբերյալ անորոշ ժամկետով, իսկ վարչական իրավախախտում արձանագրվել է գործունեություն չիրականացնելու ժամանակ:
Վարչական դատարանը սույն գործով եզրակացրեց, որ սկզբնական հայցն անհիմն է և ենթակա մերժման ամբողջությամբ, իսկ հակընդդեմ հայցը` հիմնավոր և ենթակա բավարարման ամբողջությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համաձայն չլինելով դատարանի վճռի հետ, այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net