Ո՞ր դատարանն է տալիս կատարողական թերթ

Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:

Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:
Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը:

Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է ՀՀ վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանը, իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքը միանշանակ է սահմանում, որ կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը: Սակայն դիտարկենք հետևյալ իրավիճակը: Անձը դիմում է առաջին ատյանի դատարան, ենթադրենք, գումարի բռնագաձման պահանջով: Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ հայցն անհիմն է, և մերժում է այն: Հայցվորի կողմից ներկայացվում է վերաքննիչ բողոք, որը բավարարվում է, փոփոխվում է ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը՝ հայցը բավարարվում է:

Ստացվում է, որ առաջին ատյանի դատարանը, որը իր ներքին համոզմամբ հանգել է այն եզրակացության, որ գումարի բռնագանձման պահանջը անհիմն է, «ստիպված է» տալ կատարողական թերթ՝ գումարը հարկադիր կատարման ծառայության միջոցով բռնագանձելու համար:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել