Վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է Տորոնտոյի ֆոնդային բորսայից «Լիդիան Ինթերնեյշնլի» ապացուցակման մասին «նորությունը»՝ անտեղյակ և անհիմն մեկնաբանություններով: Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը, որում նշվում է․
«Հիշեցնում ենք, որ դեռևս 2019թ. դեկտեմբերի 25-ին Ընկերությունը մանրամասն անդրադարձել է «Լիդիանի» շուրջ տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում նաև բորսայից Ընկերության ապացուցակմանը: Ուստի հարկ ենք համարում ևս մեկ անգամ շրջանառել դեկտեմբերի 25-ի մամուլի հաղորդագրությամբ ներկայացված հարց ու պատասխանը: Ամբողջ տեղեկատվությունը բաց է և մանտչելի, խորհուրդ ենք տալիս չդառնալ ինքնակոչ «վերլուծաբանների» կողմից շրջանառվող ապատեղեկատվության զոհ:
Հարցու ու պատասխանը ստորև՝
Ինչո՞ւ է «Լիդիանը» դիմել կանադական դատարան պաշտպանության համար:
Դեկտեմբերի 20-ին լրացել է «Լիդիանի» վարկատուների հետ վարկի մարման ժամկետի հետաձգման պայմանագիրը և այն չի երկարաձգվել: Արդյունքում՝ «Լիդիանը» չունի գործող վարկային միջոցներից օգտվելու հնարավորոթյուն և վարկատուները կարող էին քայլեր ձեռնարկել իրենց վարկի մարման պահանջները տարբեր միջոցներով բավարարելու համար: Դատարանի պաշտպանությունն արգելում է Ընկերության նկատմամբ որևէ պահանջի ներկայացում և հնարավորություն է տալիս օգտվել նախկինում սահմանափակման տակ գտնվող ֆինանսական միջոցներից:
Դատարանի պաշտպանությունը նաև նպատակ ուներ հնարավորություն տալ Ընկերությանը վերանայելու կապիտալի կառուցվածքը և ֆինանասական միջոցները, քանի որ ավելի քան 18 ամիս տևած ապօրինի շրջափակման արդյունքում Ընկերությունը հայտնվել էր անկայուն ֆինանսական իրավիճակում:
Ինչո՞ւ է ընկերությունը դիմել Կանադայի դատարան:
«Լիդիան Ինթերնեյշնլը» ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում (TSX) և ենթարկվում է այդ բորսայի կանոններին և Օնտարիո նահանգի արժեթղթերի շուկայի օրենքներին:
Կանադան ճկուն ռեստրուկտուրիզացիայի (ընկերության առողջացման) ռեժիմ ունի, որը հնարավորություն է ընձեռում ընկերության համար հնարավոր լավագույն արդյունքին հասնել` դատարանի կողմից վերահսկվող ռեստրուկտուրիզացիայի ընթացքում:
Կանադայի դատարանը հնարավորություն է ընձեռել պաշտպանելու «Լիդիան» ընկերությունը ամբողջությամբ, ներառյալ «Լիդիան Արմենիան», ինչպես նաև դիմել է մի քանի երկրների, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի դատարաններին այս գործընթացին մասնակցելու կոչով:
Արդյո՞ք սա նշանակում է սնանկացում:
Ոչ, չի նշանակում: Մինչ Ընկերությունը դատարանի պաշտպանության տակ է, Ընկերությունը կարող է շարունակել բնականոն գործել, վճարել աշխատանքի և ծառայությունների դիմաց, նպատակ ունենալով այս պաշտպանության շրջանի ավարտին վերակառուցվել՝ որպես կենսունակ բիզնես միավոր: Ընկերությունը այս ընթացքում աշխատելու է բիզնեսի, վարկերի և այլ պարտավորություների ռեստրուկտուրիզացիայի (վերակառուցման/առողջացման) ուղղությամբ՝ մաքսիմալ հնարավորություն ընձեռելով «Լիդիան Արմենիայի» աշխատանքի շարունակման համար:
Ե՞րբ է Ընկերությունը վերադառնալու դատարան:
Կարճ տեխնիկական լսումներ տեղի կունենան հունվարի 2-ին, սակայն հաջորդ փուլի բովանդակային քննարկումները կանադական դատարանում տեղի կունենան 2020թ․ հունվարի 23-ին:
Ի՞նչ կլինի դրանից հետո:
«Լիդիանը» աշխատելու է մի քանի ուղղությամբ, այդ թվում ծրագրի հնարավոր վաճառքի, ծրագրի վերաֆինանսավորման և/կամ Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային գործընթացի:
Ամենայն հավանականությամբ կընտրվի այն տարբերակը, որը ստեղծված իրավիճակում Ընկերության շահառուների համար լավագույն արդյունքը կապահովի:
Ո՞րքան ժամանակ կարող է Ընկերությունը գործել ստեղծված պայմաններում:
Կանադական դատական պրոցեսի շրջանակներում ներկայացված կանխիկ միջոցների մոդելը բավարար լիկվիդայնություն է ապահովում Ընկերության բնականոն գործունեության համար առնվազն մի քանի ամիս: «Լիդիանը Արմենիան» բավարար միջոցներ ունի մինչև առնվազն գարուն գործելու համար, և այժմ ընթանում են բանակցություններ մի քանի ուղղություներով՝ միջոցների լրացուցիչ աղբյուրներ ապահովելու համար:
Ի՞նչ է անելու Ընկերությունն այս ընթացքում:
Ինչպես և վարկային պարտավորությունների հետաձգման նախորդ շրջաններում, «Լիդիանը» շարունակելու է քննարկել ՀՀ կառավարության հետ ապօրինի շրջափակման վերացման խնդիրը, և շարունակելու է առկա խնդիրների շուրջ իր վարկատուների հետ քննարկումները:
«Լիդիանը» շարունակելու է աշխատել երեք հնարավոր լուծումների ուղղությամբ՝ վաճառք, ծրագրի վերաֆինանսավորում, և/կամ արբիտրաժային գործընթաց: Ընկերությունը աշխատելու է բոլոր շահառուների իրավունքների և շահերի հավասարակշռման ուղղությամբ:
Արդյո՞ք Ընկերությունը ապացուցակվելու է Տորոնտոյի ֆոնդային (TSX) բորսայից:
Այո, TSX- ը հայտարարել է որ սկսել է ապացուցակման գործընթացը: Սա ռեստրուկտուրիզացիայի բնականոն ընթացք է TSX-ում ցուցակված ընկերությունների համար: Այն ոչ մի ազդեցություն չի ունենա «Լիդիանը Արմենիայի» ամենօրյա գործունեության և Ընկերության ռեստրուկտուրիզացիայի գործըթացի վրա:
Ընկերությունը կկարողանա՞ վերսկսել աշխատանքները, եթե կառավարությունը վերականգնի իրավունքի գերակայությունը:
Ընկերության վարկատուների և բաժնետերերի մոտ Հայաստանի հանդեպ վստահության մեծ կորուստ կա: Ծրագրի վաճառքի կամ վերաֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի վստահության վերականգնմանն ուղղված մեծ ջանքեր գործադրել:
Հատուկ ուշադրություն՝
Արդյո՞ք «Լիդիանը» շարունակում է տնօրինել Ամուլսարի ծրագրի բոլոր իրավունքները: Արդյո́ք ծրագիրը կենսունակ է:
Այո, Ամուլսարը միջազգային կարգի ոսկու հանքավայր է և «Լիդիանը» ունի դրա շահագործման բոլոր իրավունքները, անկախ այն բանից TSX-ում ցուցակված է, թե՝ ոչ: Ինչպես արդեն նշվեց, Ընկերությունը աշխատելու է հնարավոր երեք ուղղություններով խնդրին լուծում տալու համար, ներառյալ՝ վաճառք, վերաֆինանսավորում և/կամ արբիտրաժ, կամ այս բոլորի համադրությունը: Նպատակը լինելու է Ընկերության շահառուների համար լավագույն արդյունքն ապահովելը»,-նշված է հայտարարության մեջ: