Թաիլանդի թագավոր Ռամի V-ի կինը՝ Սունանդխա Կումարիրատանը, մահացել է 19 տարեկանում իր փոքրիկ աղջկա հետ այն պատճառով, որ նավակը, որով իրենք նավարկում էին, շուռ է եկել: Շուրջբոլորը բազմաթիվ մարդիկ կային, որ կարող էին օգնել, սակայն չօգնեցին՝ նայելով, թե ինչպես են խեղդվում:
Պատճառը իրենց սառնասրտությունը չէր, այլ օրենքն էր, համաձայն որի ՝ չէր թույլատրվում ձեռք տալ թագավորական անձի, իսկ նման օրենքը խախտողները պատժվում էին մահապատժով:
ՀՀ Օրենսդրությամբ վտանգի մեջ թողնելն անձին հանցագործություն է անկախ այն հանգամանքից, թե ով է վտանգի մեջ գտնվողը:
«Կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս փոխանցմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել և պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Նշված արարքը, որն առաջացրել է մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Աղբյուր՝ Իրավաբան.net