Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկինում դատվածություն չունեցող Մարգար Ա.-ի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է նրանում, որ հանդիսանալով ԱՄՆ քաղաքացի` 2012թ. հուլիսի 20-ին` ժամը 12:00-ի սահմաններում, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում բեռնափոխադրումներ իրականացնող «Կարգո Ջեթ Լայն» ՍՊԸ-ի միջոցով ԱՄՆ-ից իր ընկեր Երամ Ա.-ից մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ստացել է զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը մաքսային պահեստում ծանրոցի զննությամբ հայտնաբերվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցների կողմից` «BURTS BESS» ֆիրմային մաշկի խնամքի քսուկի տուփի միջից` պոլիէթիլենային փաթեթի մեջ փաթեթավորված:
Գործով իրեղեն ապացույց է ճանաչվել մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որը քրեական գործի հետ միասին հանձնվել է դատավորին:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Մ. Հակոբյանի կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net