Դեկտեմբերի 17-ին ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը նշեց, որ մարդկային զոհեր չկան, իսկ նյութական կորուստների մասին հստակ տեղեկություններ չունեն, դեռ ճշտվում են:
Համայնքի ղեկավարը հավելեց, որ կրակոցների ժամանակ գյուղում հարսանիք է եղել, որը չի ընդհատվել. «200 հոգանոց հարսանիք է եղել, որը ոչ մի րոպե չի ընդհատվել, մարդիկ իրենց ուրախությունը շարունակել են, դրանով թուրքին ասելով, որ դուք ինչքան էլ կրակեք՝ մեկ է: Այսօր էլ մանկապարտեզում մի բացակա կա, ծնողը տեղեկացրել է, որ երեխան վատառողջ է»,- նշեց Ֆելիքս Մելիքյանը:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։
«Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։
Կորուստներ չկան»,-նշել է նա։