ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել մանկատան շրջանավարտների առաջին խմբին բնակարանների գնման հավաստագրերի հանձնման արարողությունը:
«Շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալ եմ այսօր այստեղ գտնվելու համար: Գիտեք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս տարի դիմել էր ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով նախարարության տնտեսած 1.9 մլրդ ֆինանսական միջոցներն ուղղել մանկատան շրջանավարտներին տրված պետության խոստումը կատարելուն: Ես գիտեմ, որ դուք և Ձեր ընկերները տարիներ շարունակ սպասել եք բնակարան ստանալու ձեր հերթին: Ի ուրախություն մեզ՝ Կառավարությունը հավանություն տվեց մեր այս նախաձեռնությանը, որն այսօր իրականություն է դառնում:
Ուզում եմ շեշտետել, որ այս ծրագրին զուգահեռ՝ դուք կարող եք առաջնահերթության կարգով ընդգրկվել նաև Զբաղվածության պետական ծրագրերում, որոնք շատ տարբեր են՝ սկսած վերապատրաստումներից, մինչև ձեռներեցության աջակցություն:
Ես ուզում եմ, որ դուք մեր այս ծրագրերը դիտարկեք որպես հնարավորություն՝ արժանապատիվ կյանք, աշխատանք, ընտանեկան երջանկություն ստեղծելու համար՝ Ձեր և Ձեր երեխաների համար:
Ես գիտեմ, որ դուք շատ դժվարությունների եք հանդիպել կյանքում, բայց նաև տեսնում եմ, որ չեք ընկրկել դրանց առաջ և բազմաթիվ հաջողությունների եք հասել: Դուք կարող եք և պետք է հաջողության օրինակ դառնանք բոլորի համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս»,- արարողության ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը: