ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ավագ օպերատորի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1954թ. ծնված կինը 2015 թվականից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքում աշխատելով որպես ավագ օպերատոր, օգտագործելով պաշտոնական դիրքը, կենսաթոշակների վճարման ցուցակում ստորագրել է բնակության վայրից բացակայող՝ Ալավերդի քաղաքի բնակչի անվան դիմաց, յուրացման եղանակով հափշտակել իրեն վստահված բնակչի անվամբ փոխանցված զգալի չափերով՝ 91.146 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարը և օգտագործել իր անձնական կարիքների համար:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վերջինիս կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: