Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով մինչև 18 տարեկանների ապահովագրության վերաբերյլ մանրամասներ։
Հայտարարության մեջ ասվում է․
«Առողջության համապարփակ ապահովագրության մեր առաջարկած համակարգում գործելու է հիմնական ծառայությունների փաթեթ, որի մեջ ներառված ծառայությունները մինչև 18 տարեկան երեխաների համար ներկայացնում եմ ստորև (մեծահասակների ՀԾՓ-ն կներկայացնեմ առանձին գրառումով).
1. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.
Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար,
Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,
Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա,
Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը,
Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի ծառայություններ,
Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում հիվանդությունների դեպքում,
2. Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում.
իմունիզացիա,
կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,
աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ,հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ, հեմոդիալիզի ծառայություններ:
3. Հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.
Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններ,
Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ,
Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն,
Չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն,
Մանկաբարձություն և նեոնատալ խնամքի ծառայություններ,
Մանկական և նորածնային վիրաբուժության, ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ»: