Ոստիկանության պետի նախկին տեղակալի որդին քննիչից միանգամից դարձել է վարչության պետ․ ՔԿ-ն պարզաբանում է

«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «Առաջխաղացում. Ոստիկանության պետի նախկին տեղակալի որդին քննիչից միանգամից դարձել է վարչության պետ» վերտառությամբ հոդվածի առնչությամբ Քննչական կոմիտեն հայտնել է, որ նոյեմբերի 20-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ նշանակված Հովհաննես Համբարյանը քննչական աշխատանքի երկարամյա փորձ ունի և իր մասնագիտական պարտականությունները կատարել է բարեխղճորեն և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

«Համբարյանը համակարգում է 2013 թվականից, աշխատել է Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում և մինչև վերը նշված պաշտոնին նշանակվելը, հանդիսացել է ՔԿ ՀԿԳ վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ:

Ինչ վերաբերում է նյութում տեղ գտած պնդմանը, թե Հովհաննես Համբարյանը քննիչ աշխատած ժամանակ մեղադրվում է  դատապարտյալից ճնշումներով ցուցմունք կորզելու մեջ, հայտնում ենք, որ քաղաքացի Արթուր Շահվերդյանի կողմից  հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն և  հիշյալ հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ Հովհաննես Համբարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով: Որոշումը կայացվել է 2018 թվականի հուլիսի 9-ին և չի վերացվել:

Միաժամանակ հայտնեք, որ օրաթերթի հրապարակման մեջ  տեղ է գտել վրիպակ, քանի որ  ՀՔԾ  հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձը ոչ թե Արթուր Շահբազյանն է, ինչպես գրված է նյութում, այլ Արթուր Շահվերդյանը»,-նշված է պարզաբանման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել