Ինչպե ՞ս կարելի է փոփոխել Սահմանադրությունը և ո ՞ր հոդվածները փոփոխության ենթակա չեն

Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:

 

Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ: Համապատասխան որոշումը Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, կարող է այն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:

 

Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

 

Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը, ապա Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նախագիծը հանրաքվեի դնելու հարցը ներկայացնում է քվեարկության։ Եթե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը կողմ է քվեարկում նախագծին, ապա վերջինս համարվում է ընդունված, և այն Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում։

 

Օրենքները հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ կառավարության առաջարկով` վերը նշված կարգով:

 

Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:

 

Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։

 

Սահմանադրության 114-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:

 

Հիշեցնենք, որ Սահմանադրության 1-ին հոդվածը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ 2-րդ հոդվածը սահմանում է` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

 

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

 

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել