ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի պահանջով:
Այս մասին հայտնում է Axios-ը:
Գրեմը վերջերս էր քննադատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Սիրիա ներխուժելու և քրդերին գրոհելու համար, ըստ իրազեկ աղբյուրի:
Երբ Գրեմը դուրս էր գալիս օվալաձև աշխատասենյակից, Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակիցը, ըստ հաղորդագրությունների, խնդրել էր նրան վերադառնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։
Սպիտակ տան օրենսդրական հարցերի գծով աշխատակիցը ասել էր Գրեմին, որ սենատոր Բոբ Մենենդեսը մտադիր է բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հարցը և չի կարող արդյոք Գրեմն «առարկել»:
«Ես ասացի՝ իհարկե։ Միակ պատճառը, թե ինչու ես դա արեցի, այն էր, որ Էրդողանը դեռևս քաղաքում էր…Դրա ժամանակը չէր: Ես փորձեցի փրկել մեր հարաբերությունները։ Հաջորդ անգամ չեմ առարկի»,-ասել է Գրեմը:
Հիշեցնենք, որ մոտ 1 ամիս առաջ 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: