Որպես կանոն, հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:
Սակայն օրենքը հնարավորություն է տալիս որոշ դեպքերում հայցը հարուցել ոչ թե պատասխանողի, այլ հայցվորի բնակության վայրի դատարան:
Այսպես. ալիմենտ բռնագանձելու կամ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:
Առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի կամ վնասի պատճառման վայրի դատարան:
Օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված, ազատազրկման դատապարտված անձանց դեմ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, ինչպես նաև, եթե անչափահաս երեխան (երեխաները) գտնվում է հայցվորի մոտ, կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:
Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կիրառելու, չհեռանալու մասին ստորագրություն վերցնելու կամ վարչական տույժ նշանակելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասները հատուցելու հետ կապված աշխատանքային և այլ իրավունքները վերականգնելու, գույքը կամ դրա արժեքը վերադարձնելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net