Թղթաբանությունը և վճարները պակասեցվում են, որոշ խմբերի վիզա անհրաժեշտ չի լինի Դանիայի մեկնելու համար

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Դանիայի Թագավորության Կառավարության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» Համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018թ. մարտի 14-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակով Դանիայի Թագավորությունում եւ Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար:   Եթե Հայաստանի Հանրապետությունը վերականգնի վիզայի պահանջները ԵՄ քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա այն նույն դյուրացումները, որոնք սույն Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Դանիայի Թագավորության համապատասխան քաղաքացիների նկատմամբ:

Համաձայնագրով նախատեսված` վիզայի տրամադրման դյուրացումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, որքանով նրանք ազատված չեն վիզայի պահանջից ԵՄ կամ Դանիայի Թագավորության ներպետական օրենսդրությամբ:

Հայաստանի Հանրապետությունը եւ Դանիայի Թագավորությունը Համաձայնագրի 10-րդ հոդվածի վերաբերյալ կատարել են համատեղ հայտարարությունը, որը կցվել է Համաձայնագրին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնել է, որ Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր եւ միաժամանակ գտնում է, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների հիմքով:

Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթներով եւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ վերոհիշյալ Համաձայնագիրը ենթակա է վավերացման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել