Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Եթե Դուք ներքոհիշյալ ռիսկի խմբերից որևէ մեկում եք, դիմեք Ձեր հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ՝
- հղիներ,
- 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
- 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
- շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
- մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ,
- 2020 թվականի առաջին զորակոչի ենթակա անձինք,
- տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններ,
- փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ,
- հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:
Միաժամանակ հայտնում ենք, որ մարզերում դեռևս շարունակվում է պատվաստանյութի բաշխման գործընթացը: Նոյեմբերի 11-ից հանրապետության ողջ տարածքում սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն ռիսկի խմբերի բոլոր անձանց:
Նշենք, որ գրիպը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է հազալու, փռշտալու կամ անմիջական շփման արդյունքում: Գրիպի ախտանշանները (տենդը և դողը, հազը, կոկորդի բորոբոքումը, գլխացավը, մկանային ցավը և հոգնածությունը) սկսվում են հանկարծակի և կարող են տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ:
Սեզոնային գրիպից լավագույն պաշտպանությունը պատվաստումն է: