Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որի նպատակը «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև երեխայի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնելն է։
Խնամքի նպաստի գործող չափը` 18000 դրամը, սահմանվել է 2009 թվականի հունվարի 1-ից:
Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, առաջարկվում է բարձրացնել խնամքի նպաստի չափը։
Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել 25 500 դրամ։
Նախագիծն ընդունվելու դեպքում խնամքի նպաստի չափը կավելանա ավելի քան 40 տոկոսով։
Նշվում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունելու դեպքում կաճեն խնամքի նպաստի ծախսերը։
Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն՝ 2020թ.՝ 993 միլիոն 195 հազար դրամ (2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը կկազմի 25500 դրամ)։
Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները նախատեսված են ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով։