«Մեկ առողջություն» կոալիցիան հայտարարություն է տարածել, որ Երևանի կենդանաբանական այգում կենգուրուների և մուֆլոնների անկման պատճառը կարող է լինել մարդկային գործոնը։
«Հասանելի տվյալների նախնական հետազատության և վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ Կենդանաբանական այգում երեք կենգուրուների անկումը չէր կարող պայմանավորված լինել այգու աշխատակիցների կողմից բռնած շների հարձակումով կամ այդ շների կողմից հասցված մարմնական վնասվածքներով:
Ակնհայտ է, որ կենգուրուների դիերի վրա առկա առերևույթ վնասվածքները կարող էին պայմանավորված լինել խոշոր առանձնյակներից կազմված շների ոհմակի կամ այլ տեսակի կենդանիների ոհմակի կամ մեկ առանձնյակի հարձակումով կամ մարդկային միջամտությամբ:
Հաշվի առնելով վերոնշյալը, «Մեկ Առողջություն» կոալիցիան կոչ է անում պատկան մարմիններին իրականացնել ստեղծված իրավիճակի բազմակողմանի և ԱՆԱՉԱՌ հետաքննութուն և հիմնվել ՄԻՄԻԱՅՆ փորձագիտական եզրակացությունների արդյունքների վրա:
«Մեկ Առողջություն» կոալիցիան շարունակում է հետևել Երևանի կենդանաբանական այգում և դրա շուրջ իրավիճակի զարգացմանը և դրան կանդրադառնա մոտ ապագայում»,-ասվում է հայտարարությունում։
Ավելի ուշ կոալիցիան հայտարարել է, որ Կենդանաբանական այգու կողմից պատվիրված անկախ անասնաբուժա-սանիտարական փորձաքննությունը և լաբորատոր հետազոտությունը հաստատեց «Մեկ Առողջություն» կոալիցիայի նախնական կարծիքը Երևանի կենդանաբանական այգում կենգուրուների և մուֆլոնների անկման պատճառների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին այգի էին ներթափանցել թափառող շներ ու հոշոտել 3 կենգուրուների, իսկ նոյեմբերի 1-ին լույս առավոտ, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը, որի հետևանքով հոշոտվել էին այգու երեք մուֆլոնները։
Ավելի ուշ՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով, այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ազատվել է աշխատանքից: