Եթե իրավական օգնություն ցույց Հայաստանի Հանրապետության պարտավորությունը բխում է օտարերկրյա պետության հետ կնքած Հայաստանի Հանրապետության միայն մեկ միջազգային պայմանագրից, որևէ խնդիր չի առաջանում:
Մինչդեռ եթե օտարերկրյա պետության դատարանի ներկայացրած քաղաքացիական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հարցման կատարման պարտավորությունը բխում է տվյալ պետության հետ կնքած Հայաստանի Հանրապետության մեկից ավելի միջազգային պայմանագրերից, ապա կիրառվում են հետևյալ կանոնները, եթե հարցման մեջ`
1) նշված է, թե որ միջազգային պայմանագրի հիման վրա է դա կազմվել և ներկայացվել, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է այդ միջազգային պայմանագրով.
2) նշված են տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող մեկից ավելի միջազգային պայմանագրեր, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է հարցման մեջ նշված այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին` միաժամանակ կիրառելով մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթները, որոնք նախատեսված չեն առավել ամբողջական լուծում տվող միջազգային պայմանագրով, բայց հարցումն առավել լրիվ և արագ կատարելու հնարավորություն են ընձեռում.
3) նշում չկա տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող որևէ միջազգային պայմանագրի վերաբերյալ, ապա հարցում կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման լիարժեք կատարման հետ կապված հարցերին, որի ընթացքում չի բացառվում նաև տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող համապատասխան մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթների կիրառումը, որը լրացնում է այն պայմանագրին, որով դատարանը ղեկավարվում է:
Աղբյուրը` Իրավաբան.net