Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 492.5 մլրդ դրամ, ինչը շուրջ 48 մլրդ դրամով ավելի է, քան 2019թ. ծրագրային ցուցանիշն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ այդ գումարներն ուղղվելու են կենսաթոշակների բարձրացմանը՝ միջինը 10 տոկոսով։
«2020թ-ին աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կդառնա 18 000 դրամ 16000 դրամի փոխարեն, իսկ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ 800 դրամի փոխարեն։ Նշեմ նաև, որ հաջորդ տարի նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի չափը դարձնել 26,5 հազար դրամ՝ 25,5 հազարի փոխարեն։ Նախատեսվում է, որ կբարձրանա շուրջ 33 646 զինկեսաթոշակառուների և 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը: Ընդհանուր առմամբ, 502 հազար հոգու թոշակ կբարձրանա»,-ասաց նախարարը:
Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ 26 500 դրամ՝ ներկայիս 25 500 դրամի փոխարեն (տարբերությունը՝ 1000 դրամ):