Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 10-ին հրաման է ստորագրել որով այսուհետ դոնորի բժշկական հետազոտությունները կսկսվեն բանավոր զրույցից և տարբեր մասնագետների կողմից դոնորի ֆիզիկական հետազոտությունից հետո: Եթե առկա են հակացուցումներ օրգաններ և հյուսվածքներ վերցնելու վերաբերյալ, ապա լաբորատոր և գործիքային հետազոտությունների գործընթաց չի սկսվի և դոնորին կտրվի բանավոր բացատրություն` մերժման վերաբերյալ:
Եթե այս փուլում որևէ հակացուցում չհայտնաբերվի, ապա կբացվեն դոնորի հետազոտման համար ամբուլատոր քարտ և կսկսվեն բժշկական հետազոտությունները, որոնք կիրականացվեն երեքից չորս փուլով: Ցանկացած փուլի հետազոտության արդյունքները կքննարկվեն և որևէ հակացուցման դեպքում հետազոտությունները չեն շարունակվի և դոնորին կտրվի բանավոր կամ գրավոր բացատրություն:
Հետազոտությունների ընթացքում հակացուցումների բացակայության դեպքում կհավաքվի նախավիրահատական ժողով` համապատասխան մասնագետների մասնակցությամբ, որտեղ կքննարկվեն լաբորատոր, գործիքային հետազոտությունների արդյունքները: Եթե առկա են տարաձայնություններ մասնագետների միջև, ապա անհրաժեշտության դեպքում կկատարվեն լրացուցիչ հետազոտություններ: Կատարված հետազոտությունների արդյունքները կրկին կքննարկվեն մասնագետների կողմից և կընտրվի որոշակի մարտավարություն կամ բուժման կազմակերպում:
Եթե առկա է որևէ մասնագետի հստակ անհամաձայնություն, ապա կտրվի համապատասխան բացասական եզրակացություն և բացատրություն:
Հրամանը ուժի մեջ է մտնում նոյեմբերի 2-ից: