Աղջիկը վիճաբանել է ոստիկանի հետ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ և հարվածել ոստիկանի գլխին

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործը ըստ մեղադրանքի`Քրիստինե Տ.-ի (նախկինում դատված, դատվածություն չմարված):

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հունիսի 5-ին` ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով 1-ին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, Երևան քաղաքի Բաղրամյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում չի ենթարկվել իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկանի օրինական պահանջներին:

 

Քրիստինեն վիճաբանել է ոստիկանի հետ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքին եղած անձրևանոցով հարվածներ է հասցրել ոստիկանի գլխին և մարմնի այլ մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ և թեթև վնաս` հիմային ֆլանգի ափային մակերեսի քերծվածքի ձևով:

 

Հարուցվել է քրեական գործ, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

 

Դատական քննության ընթացքում ամբաստանյալ Քրիստինե Տ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատական վիճաբանությունների փուլում` իր ճառում, զղջացել է կատարածի համար և խնդրել մեղմ պատիժ սահմանել:

 

Դատարանը վճռել է Քրիստինե Տ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով:

 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ Քրիստինե Տ.-ի նկատմամբ կիրառված պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնել:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով` սույն դատավճռով նշանակված պատժին` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով նշանակված վերջնական պատժի` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման չկրած մասի` 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 5 (հինգ) օր ժամկետով ազատազրկման 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Քրիստինե Տ.-ի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2011 թվականի հունիսի 6-ից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել