Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում էր գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գևորգ Պ.-ի և Հակոբ Դ.-ի:
երջիններիս մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի զինծառայողներ` կոչումով շարքային, 08.12.2011 թվականին ժամը 21:30-ի սահմաններում զինվորական գոտին նետելու պատրվակով վիճաբանել են, և Հակոբ Դ.-ն Գևորգ Պ.-ի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ` ստորացնելով նրա պատիվը ու արժանապատվությունը և մեկ անգամ հարվածել վերջինիս:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Դատարանը պարզել է, որ հագնվելու ժամանակ Հակոբը գոտին ուզել է, իսկ Գևորգը շպրտել է, և այն կպել է Հակոբի քթին: Զինծառայողները փոխադարձ հայհոյելով և բռնություն գործադրելով միմյանց նկատմամբ` մեկական անգամ խփել են իրար:
Զինծառայողները նպատակ չեն ունեցել խախտել կանոնակարգային կանոնները, և կատարվածը եղել է պահի ազդեցության տակ, իրենք ընկերներ են ու հաշտվել են միմյանց հետ:
Հաշվի առնելով վերը նշվածը` դատարանը որոշել է Գևորգ Պ.-ի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 36-րդ հոդվածի հիմքով ամբաստանյալ Գևորգ Պ.-ի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Գևորգ Պ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց` հրամանատարության հսկողությանը հանձնելը, վերացնել:
Հակոբ Դ.-ի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5րդ կետի և 36-րդ հոդվածի հիմքով ամբաստանյալ Հակոբ Դ.-ի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Հակոբ Դ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց` հրամանատարության հսկողությանը հանձնելը, վերացնել:
ՀՀ Զինվորական դատախազությունը, համաձայն չլինելով առաջին ատյանի դատարանի որոշման հետ, վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net