Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին` Մերի և Գոհար Թովմասյաններին, Ազգային անվտանգության ծառայություն կանչելու հարցին:
«Այսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա թող հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք՝ թող պատժեն, մենք հանցագործությանը կողմ չենք, մենք ուզում ենք, որ պատիժ լինի: Բայց ինձ համար, որպես հայ մարդ, հայ ընտանիքի մարդ, անընդունելի է, որ 16,18 տարեկան աղջկան կանչում են հարցաքննության, ինչ-որ չարաշահումների համար: Իմ կարծիքով, այս քայլերով անհարմար վիճակի մեջ են դնում վարչապետին և ուզում են ինչ-որ բան ցույց տալ»,- ասաց պատգամավորը:
Գագիկ Ծառուկյանի խոսքով, Հրայր Թովմասյանի լեգիտիմ լինելը կամ չլինելը, դեռ պետք է ապացուցվի.
«Ո՞վ է ասում, որ լեգիտիմ չի: Թող հիմնավորում բերեն, որ լեգիտիմ չի, անօրինական է: Մեկը գալիս է դատարկ բաներ է խոսում ու դառնում պահի հերոսը», – նշել է պատգամավորը: