Գրավադրված գույքի օտարումից ստացված եկամուտները

Այն դեպքում, երբ գրավ դրված գույքը սեփականության իրավունքով անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), ապա գրավատուի՝ գույքն օտարելուց ստացված եկամուտ է համարվում գրավ դրված գույքի իրացման գնի (առանց անուղղակի հարկերի, եթե դրանք կիրառելի են) և վարկային պարտավորության դրական տարբերությունը:

 

Այն դեպքում, երբ բանկի (վարկային կազմակերպության) սեփականությանն անցած գրավադրված գույքը վերջինիս կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, կրկին օտարվում է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, ապա համարվում է, որ գրավատուն օրենքի իմաստով գույք չի օտարել (գույքի օտարումից եկամուտ չի ստացել):

 

Գրավ դրված գույքի իրացման հետևանքով ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և իրացման գին են համարվում`

 

1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը և օտարման գինը, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի իրացման գին է համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը, կամ

 

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը և այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գինը, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

 

Բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցած այդ գույքի վրա արգելանք դրվելու դեպքում վերը նշված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել