Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հովհաննես Տ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012 թ. սեպտեմբերի 9-ին` ժամը 01:30-ի սահմաններում, իր տանը, նույն հասցեում բնկավող եղբոր, վերջինիս կնոջ` Ա.Մնացականյանի, որդու` Ա.Տոնոյանի հետ իր մատանին կորցնելու կապակցությամբ ծեծկռտոցի վերաճած վեճի ընթացքում փայտյա աթոռով երեքից ավելի հարվածներ է հասցրել, ծեծի ենթարկել Ա.Մնացականյանին` պատճառելով ֆիզիկական ցավ, առողջությանը թեթև վնասի հատկանիշեր չպարունակող վնասվածքներ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net