Նոր մանրամասներ՝ հիվանդանոց տեղափոխված ոստիկանի առողջական վիճակի մասին․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնում են

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնում է, որ բժշկական կենտրոնում առավոտյան 5-ից գտնվող 25-ամյա ոստիկանի վիճակը բավարար է:

«Նա քայլում է: Բուժող բժիշկն ասաց, որ 2 կամ 3 օրից դուրս կգրվի: Ա. Հակոբյանին քիչ առաջ այցելել էր ոստիկանապետը»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։

Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել