Հայաստանը դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը:
«Դա կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար»:
Ստեղծված իրավիճակի մասին իր մտահոգությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Մենք կոչ են անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Սիրիայում բնակվող քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը անդրադարձել է Սիրիայում հայ համայնքի անվտանգությանը:
«Ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի և հայ համայնքների անվտանգությունը ապահովելու աշխատանքներին: Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր հայրենակիցների կողքին և կանի առավելագույնը նրանց անվտանգությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ թուրքական ուժերը Սիրիայում նոր՝ «Խաղաղության աղբյուր» գործողության առաջին ժամերին հարվածներ են հասցրել 181 օբյեկտի։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը։
Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի քրդական կազմավորումները հայտարարել են թվիթերյան էջում, որ թուրքական զորքերն ավիահարված են հասցրել բանտին, որտեղ ԻՊ ահաբեկիչներ են պահվում։
Բացի այդ, Թուրքիան Սիրիայում սկսել է ցամաքային գործողությունը՝ մեկնարկը տալով երեք կետից։
https://twitter.com/i/status/1182041929896333314
Տեսանյութը՝ Ruptly