Հրամանը կամ կարգադրությունը օրենքի կամ ենթաօրենսդրական ակտերի վրա հիմնված իշխանական պահանջ է, որը լիազորված անձը ներկայացնում է նրան` ով պարտավոր է կատարել այն:
Սահմանված լիազորությունների շրջանակում պատշաճ ձևով տրված հրամանը կամ կարգադրությունը ենթակա է անշեղ կատարման:
Պետք է նկատի ունենալ, սակայն, որ հրամանը կամ կարգադրությունը կատարելու պարտականությունը որոշակի սահմաններ ունի, մասնավորապես, երբ հրամանի կամ կարգադրության կատարումը վնաս է հասցնում օրենքով պաշտպանվող շահերին:
Հրամանը կամ կարգադրությունն անօրինական կհամարվեն, եթե դրանցում առկա է իրավախախտում կամ հանցանք կատարելու պահանջ:
ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդածի համաձայն` հանցաործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն այն անձի կողմից, ով գործել է ի կատարումն իր համար պարտադիր` սահմանված կարգով արձակված հրամանի կամ կարգադրության: Այդպիսի վնաս պատճառելու համար պատասխանատվություն է կրում անօրինական հրաման կամ կարգադրություն արձակած անձը:
Նշենք, որ օրենքով պաշտպանվող շահերին վնաս հասցնելը` ի կատարումն օրինական հրամանի կամ կարգադրության, բացառում է արարքի հանցավորությունը և հրամանը կամ կարգադրությունը կատարողի քրեական պատասխանատվությունն այն դեպքում, երբ կատարողը նա չի գիտակցել հրամանի հակաօրինական, հանցավոր բնույթը:
Քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նման դեպքերում պատասխանատվություն է կրում հրաման կամ կարգադրություն արձակած անձը: Բացի այդ, նա կարող է պատասխանատվության ենթարկվել նաև պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման համար:
Հարկ է նաև նշել, որ որոշ դեպքերում ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը կատարողի համար կարող է ծայրահեղ անհրաժեշտության վիճակ ստեղծել: Օրինակ` պետը զենքի գործադրման սպառնալիքով հարկադրում է ենթակային կատարել ակնհայտ անօրինական հրաման կամ կարգադրություն: Նման դեպքերում հրամանը կամ կարգադրությունը կատարողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե պահպանվում են ծայրահեղ անհրաժեշտության իրավաչափության պայմանները:
Աղբյուրը` Իրավաբան.net