Երևանի ավագանու անդամ Սիփան Աստարյանից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ փոփոխություններ են կատարվել Երևանի քաղաքապետի, Երևանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) վճարների և երեխաների ընդունելության մասին 2011 թվականի մարտի 31-Ի N 1101–Ա որոշման մեջ։
«Այդ փոփոխություններով՝ արտահերթությամբ նախադպրոցական ուսումնական հաստատություններ կարող են նաև ընդունվել այն երեխաները, որոնց ծնողներից մեկը ունի 1-ին 2-րդ կամ 3-րդ կարգի հաշմանդամություն և ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում, ինչպես նաև եթե հաշմանդամություն ունեցող երեխա է, և ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում»,-նշում է նա:
Ավագանու անդամի խոսքով, սկզբում 3-րդ կարգի հաշմանդամության դեպքում չէր գործում արտոնությունը, սակայն 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները ևս այսուհետ կօգտվեն սույն արտոնությունից։
«Հ․Գ․ Սովորաբար արտոնությունները համարվում են խտրականության տեսակ (ոմանք այդ խտրականությունն անվանում են պոզիտիվ, դրական խտրականություն, ոմանք՝ պարզապես խտրականություն), սակայն եթե երկրում կան որոշակի սոցիալական խնդիրներ, ապա այսպիսի արտոնությունները անհրաժեշտ են և կարող են լուծել հասարակության որոշ հատվածի սոցիալական խնդիրներ։
Շնորհակալություն ավագանու այն անդամներին, ովքեր հետամուտ էին այս հարցի բարձրաձայնման գործում։ Իմ համոզմամբ՝ իմ և գործընկերներիս բարձրաձայնումն էր այս փոփոխության ընդունման շարժառիթը, չնայած որոշ հանգամանքներին․․․
Օգտվեք ձեզ հասանելի իրավունքներից․․․»,-նշում է Սիփան Ասատրյանը: