Հայտնի «Փուչիկների գործով» 2012թ-ի հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել, որով ամբաստանյալ Սերոբ Բոզոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով:
Ինչպես նաև վճռել է իրեղեն ապացույց ճանաչված վնասված փուչիկների մնացորդներն ու սեղմված մեթան գազով լիցքավորված փուչիկները ոչնչացնել, տուժողների հագուստները վերադարձնել նրանց, իսկ մետաղական երկու գլանանոթը բռնագրավել և հանձնել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրացնելու համար: Ս.Բոզոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ, 54 ամյա Ս.Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետևանքով նույն օրը 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ: 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կայանալիք զանգվածային միջոցառման կազմակերպիչներից 2012թ. մայիսի 3-ին ստացել է պատվեր` լիցքավորել 7000 փուչիկներ` միջոցառման ընթացքում դրանք երկինք բաց թողնելու նպատակով: Սերոբ Բոզոյանը, նախապես իմանալով, որ տրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչների համար կիրառվող սեղմված բնական (մեթան) գազը հանդիսանում է այրվող գազ, օդի հետ այն առաջացնում է պայթյունավտանգ խառնուրդ, որն էլ բաց կրակի դեպքում առաջացնում է պայթյուն, պատվերը կատարելու նպատակով սպառման համար անվտանգ հանդիսացող հելիում գազի փոխարեն 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 60 տանը թողարկելով սպառողների` միջոցառման մասնակիցների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ` երկինք բարձրանալու համար նախատեսված փուչիկներ, սեղմված բնական (մեթան) գազով լիցքավորել է շուրջ 7000 փուչիկներ, որոնք նույն օրը` ժամը 17-ի սահմաններում, տեղափոխելով «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող տարածք, իրացրել` հանձնել է պատվիրատուներին: Վերջիններս փուչիկները բաժանել են միջոցառման մասնակիցներին, ովքեր դրանք տեղափոխել են Հանրապետության հրապարակ: Ժամը 19-ի սահմաններում փուչիկները բռնկվել, պայթել են` միջոցառման մասնակիցներից 228 մարդկանց անզգուշությամբ պատճառելով տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ` 2 մարդու առողջությանը պատճառվել է ծանր վնաս, 60 մարդու առողջությանը` միջին ծանրության վնաս, 126 մարդու առողջությանը` թեթև վնաս և 40 մարդու առողջությանը` առանց առողջության կարճատև քայքայման հատկանիշների մարմնական վնասվածքներ:
Ամբաստանյալ Ս.Բոզոյանը` մինչև դատաքննությունն սկսվելը, միջնորդել է դատաքննությունը կատարել արագացված կարգով: Տուժողները դատական քննությամբ քաղաքացիական հայցեր չեն հարուցել:
2012 թվականի հոկտեմբերի 19-ին ամբաստանյալ Սերոբ Բոզոյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հայցելով՝ մասնակիորեն բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.10.2012թ. դատավճիռը` նշանակված պատժի մասով, և իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ: Ազատազրկում նշանակելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 70-ի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նկարը՝ https://photolure.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net